Արամ Հարությունյանը չի հերքում 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքները, բայց պնդում է, որ ինքը հանքերի շահագործման լիցենզիա տալու իրավունք չի ունեցել
Արդեն երկրորդ նամակն ենք ստանում Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մամուլի ծառայությունից` «14 միլիոն դոլարի կաշառք» և «Բնապահպանության նախկին նախարարը 14 միլիոն դոլարի կաշառք վերցնելու գործով հրապարակավ ստում է» վերնագրերով հոդվածների առնչությամբ: Երկու նամակով էլ հերքում են հիշյալ նյութերում նշված հանքերի ուսումնասիրման և շահագործման հետ կապված փաստերը: Ա. Հարությունյանը պնդում է, որ ինքը հանքերի ուսումնասիրման լիցենզիա տալու իրավունք ունեցել է, բայց շահագործման իրավունքի լիցենզիա տալն իր ֆունկցիաներից դուրս է:
Խմբագրությունը որևէ մեկի կողմից հանդես չի գալիս: Պարզապես ցանկանում ենք իրականությունն իմանալ: Եվ Արամ Հարությունյանի կողմից արդեն երկրորդ նամակը սիրով տպագրում ենք: Բայց, պարոն Արամ Հարությունյան, ինչո՞ւ եք միայն լիցենզիաների թույլտվության մասին խոսում: Ձեզ գործարար Սիլվա Համբարձումյանը մեղադրում է ծանր հանցագործության մեջ` 14 միլիոն դոլարի կաշառք վերցնելու մեջ: Ինչո՞ւ չեք կաշառքի պահով հերքում տալիս: Սիրով կտպագրենք:
Թե չէ` տպավորություն է ստեղծվում, որ կաշառքը վերցրել եք, բայց լիցենզիա տալու իրավունք չեք ունեցել:
Հրապարակում ենք ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության կողմից ուղարկված նամակ-հերքումը:
Հարգելի խմբագիր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր ղեկավարած կայքում արտատպված «14 միլիոն դոլարի կաշառք» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև՝ Ձեր կայքում հրապարակված «Բնապահպանության նախկին նախարարը 14 միլիոն կաշառք վերցնելու գործով հրապարակավ ստում է» հոդվածները հանրային հնչեղություն են ստացել, ստիպված ենք ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց: Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի Հոդված 8-ի՝ խնդրում ենք Ձեր կայքում տպագրել նաև մեր կողմից պատրաստված հերքումը:
04.06.2016 թ.-ին «hraparak.am»-ն իր «14 միլիոն դոլարի կաշառք» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ Սիլվա Հակոբյանը «2008թ. 10 հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար» կաշառք է տվել բնապահպանության այդ ժամանակվա նախարար Արամ Հարությունյանին: Այդ առիթով ՋՏՊԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր և այժմ էլ պնդում է, որ այդ տարիներին, համաձայն «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության ու արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 10 ապրիլի 2003 թվականի N 385-Ն որոշման 1-ին կետի՝ շահագործման (արդյունահանման) լիցենզիայի տրամադրման գործառույթն ամրագրվել է առևտրի և տնտեսական զարգացման (հետագայում՝ էկոնոմիկայի) նախարարությանը, նույն որոշման 3-րդ կետով բնապահպանության նախարարությանը վերապահվել է միայն ուսումնասիրության լիցենզիա տրամադրելու գործառույթը:
Մեր պնդումը, որ բնապահպանության նախարարությունը շահագործման (արդյունահանման) լիցենզիա չի տվել, լիարժեք համապատասխանում է իրականությանը: Ձեր կայքում հրապարակված փաստաթղթերը ուսումնասիրության լիցենզիաներ են: Դրանք իրարից տարբերվում են հետևյալով.
— ուսումնասիրության լիցենզիան տրամադրվում է ընդամենը ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, 3-5 տարի ժամկետով, որից հետո ուսումնասիրություն իրականացրած կազմակերպությունը պետք է հաստատի պաշարներ և նոր միայն մրցույթով ձեռք բերի շահագործման թույլտվություն:
— շահագործման լիցենզիաներ տրվում են նոր մրցութային կարգով, 25 տարի ժամկետով:
Աղբյուրը` http://nyut.am/?p=119179&l=am