Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը շատ կարևոր է. Коммерсантъ-ի անդրադարձը
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները. Վիեննայում կհանդիպեն նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է «Կոմերսանտ» թերթը (Коммерсантъ)՝ հավելելով, որ բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն։
Ավելի վաղ դիվանագետները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել։ Նրանց կարծիքով՝ Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է՝ «հրադադարի ռեժիմի ու փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համար»։
Ալիևն ու Սարգսյանը պետք է լսեն Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի կարծիքը, հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը։
«Այդ հանդիպումը հաստատում է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների համատեղ ձգտումը՝ անել այնպես, որ իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանա բանակցությունների շրջանակներում։ Նրանք գիտակցում են Մինսկի խմբի համանախագահների ազդեցությունն ու այդ պատճառով դժվար թե պատրաստ լինեն ինչ-որ քայլեր ձեռնարկել առանց Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու։ Եվ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի փաստարկները, կարծում եմ, ստիպված կլինեն լսել»,-կարծում է Ժարիխինը։
Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ սրվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին։ Ադրբեջանն ու Հայատանը միմյանց են մեղադրում տարածաշրջանում հրադադարի խախտումների համար, հիշեցնում է լրատվամիջոցը։
Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի ու Երևանի հակամարտության հիմքում բազմամյա հակասություններն են, վստահ է Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը։
«Շատ կարևոր է, որ երկու նախագահները հանդիպեն։ Տեսնենք, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվելու, միմյանց ձեռք կսեղմեն արդյոք և այլն. այդ մանրուքները երբեմն շատ բանի մասին են խոսում։ Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է որոշակի հիմք ստեղծել այդ կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար։ Դա հերթական, ընդհանուր առմամբ ոչ վատ պատճառն է, որպեսզի թե՛ Միացյալ նահանգները, թե՛ Ռուսաստանը միասնական մոտեցում ցուցաբերեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Խոմյակովը։
Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հետաքրրքված են Մոսկվան ու Վաշինգտոնը, նշել է Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը։
«Բախումների դադարեցման համար հիմք կա։ Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա այն, բնականաբար, այնքան հեռու է, որքան 10,15, 20 տարի առաջ։ Դա լրջորեն խառնում է խոշոր խաղացողների խաղաքարտերը, հենց թեկուզ այն պատճառով, որ հակամարտությունը կարող է դառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հավելումը։ Դա անցանկալի կլինի, և այն կարող է դոմինոյի ազդեցություն ունենալ։ Կողմերը փորձում են ամենից առաջ դրանից խուսափել»,-պարզաբանել է Բրուտերը։
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի ուսումնասիրություններով՝ ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է։ Հարցվածների մոտ 40 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանն այդ գործընթացում պետք է որպես միջնորդ հանդես գա։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/16/sargsyan-aliyev/2021347