ՄԽ համանախագահների հայտարարության բառապաշարը համահունչ է ՀՀ Նախագահի հայտարարությանը. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում:

 

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրա վերաբերյալ ՀՀ Նախագահն իր որոշումը կներկայացնի:  Իսկ ինչ վերաբերում է իր տպավորություններին, ապա ասաց, որ գտնում է, որ համանախագահների հայտարարության բառապաշարը շատ նման է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ ապրիլյան պատերազմից հետո:
«Մենք տեսնում ենք, որ այդտեղ գրեթե նույն ձևակերպումներն են՝ ինչ որ նախագահն էր ասել օրակարգի վերաբերյալ: Այսինքն՝ նրանց հիմնական խնդիրը լինելու է հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը, վստահություն ձեռք բերելու ուղիների փնտրելը։ Այդ նույն գաղափարների մասին խոսել է ՀՀ Նախագահը: Մենք տեսնում ենք, որ գոնե բառապաշարը, համանախագահների հնչեցրած մտքերը համահունչ են Նախագահ Սարգսյանի իրականացրած հայտարարություններին ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո»,- ասաց նա:
Երկրորդ կարևոր հանգամանքը Էդուարդ Շարմազանովը համարեց այն, որ որոշ քաղաքական գործիչների կանխատեսումներ չիրականացան: «Հայաստանի ներքին քաղաքական դաշտում որոշ սկեպտիկներ, բոլորին է հայտնի, թե  որ քաղաքական գործիչների մասին է խոսքը, երբ Նախագահ Սարգսյանը կոշտացրեց մի փոքր դիրքորոշումը, սկսեցին քննադատել Նախագահին, և նշեցին, որ դա կհանգեցնի նրան, որ Մինսկի խմբի համանախագահները կկոշտացնեն իրենց դիրքորոշումները,  ու Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները կլինեն շատ տարաբնույթ, և չեն բխի մեր շահերից: Բայց մենք տեսանք, որ նրանք հերթական անգամ սխալվեցին. Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի դիրքորոշումները ոչ թե տարբեր են, այլ ՄԽ համանախագահներն անում են հայտարարություն, որի բառապաշարը հիմնականում համահունչ է Նախագահ Սարգսյանի հայտարարությանը և բխում է այդ հայտարարությունների տրամաբանությունից»,- ասաց նա:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/12/sharmazanov/2018228