Ձերբակալվել է ՀՀ-ից ՌԴ մեկնող ավտոբուսի վարորդը. 50 ուղևոր մնացել է անցակետում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն — Սադախլո մաքսային կետում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի և Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջև ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է և տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:
Ավտոբուսի 50 ուղևորներ մնացել են սահմանային կետում և չեն կարողանում շարունակել ընթացքը:
«Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը հավաստիացրել է, որ 2 ժամվա ընթացքում ընկերության մեկ այլ վարորդ ուղևորներին կտեղափոխի ՌԴ:
Դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Յ. Վ.-ը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը, ՃԿԱԿ-ում Ֆինանսների նախարարության պատասխանատու Ա.Բ.-ը:
Նախարարության կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: