Կենդանիներին չպատվաստելու դեպքում տարածաշրջանում արձանագրված վարակի՝ ՀՀ-ում տարածման վտանգը մեծ է. ՍԱՊԾ-ն զգուշացնում է
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը։
Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարևան Թուրքիայում և Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաև մեր հանրապետությունում:
Հանրապետության տարածքում արդեն իրականացվել է պատվաստումների շուրջ 70 տոկոսը. մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից ձեռք էր բերվել նոր ենթատեսակի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա:
Այդուհանդերձ, մի քանի համայնքների գյուղացիական տնտեսություններում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա որոշակի խոչընդոտներ են ստեղծվում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում՝ չհիմնավորված տարբեր պատճառաբանություններով:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է չխոչընդոտել ծրագրի իրականացմանը և թույլ տալ համայնքն սպասարկող անասնաբույժ-մասնագետներին հաստատված ժամանակացույցի համաձայն իրականացնել պատվաստման աշխատանքները, քանի որ չպատվաստված կենդանու՝ դաբաղով վարակվելու վտանգը շատ բարձր է, իսկ հիվանդության տարածման աղբյուրը հիվանդ կենդանին է:
«Հարկ ենք համարում նշել, որ կենդանիների, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը և խոչընդոտելը ենթակա է վարչական տուգանքի»,–ասվում է կայքում։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/11/snund/2017387