Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կնոջ վիճակը բարելավվել է. այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և  պտղի  վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում ևս կշարունակվեն  նեղ մասնագիտական խորհրդատվությունները:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը  կայուն է, գրանցվում է  դրական տեղաշարժ: Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի  խոսքով`  շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին  հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է  պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները, ովքեր թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել  կվիրահատվեն:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/02/Halabyan-accident/2008182