Արոմատիկ փայտիկներն ու խունկը նույնքան վնասակար են, որքան ծխախոտի ծուխը
Արոմատիկ (հոտավետ) փայտիկներն ու խունկը նույնքան վնասակար են, որքան ծխախոտի ծուխը
Արոմատիկ փայտիկների օգտագործումը, անուշահոտությունների այրումն ու խունկ ծխեցնելն ունեն նույն ազդեցությունը, ինչ պասիվ ծխելը: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են անուշահոտությունների ազդեցությունը մարդու թոքերի վրա:
Հետազոտության ընթացքում գիտնականները երեք ժամ շարունակ հետևել են օդի վիճակին անուշահոտությունների երկու տեսակի այրման դեպքում: Երեք ժամը արոմատիկ փայտիկի այրման միջին ժամանակահատվածն է:
Գիտնականները հաշվի են առել ածխածնի օքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ֆորմալդեհիդի կոնցենտրացիաների գործոնը:
Թոքային հյուսվածքը տեղադրել էին հատուկ խցի մեջ, ուր առկա էր այրվող անուշահոտությունների ծուխը: Թոքային հյուսվածքը ենթարկվել է ծխի ազդեցությանը 24 ժամվա ընթացքում: Արդյունքում պարզվել է, որ թոքային հյուսվածքը եթարկվել է բորբոքային փոփոխությունների:
Թոքերում նույնատիպ փոփոխություններ առաջանում են պասիվ ծխելու հետևանքով: Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ արոմատիկ փայտիկները, խունկն ու անուշահոտությունները մեծացնում են բրոնխյալ ասթմայի, գլխացավերի, սրտանոթային հիվանդությունների, մաշկի, քթի, բերանի, կոկորդի լորձաթաղանթի գրգռվածության առաջացման վտանգը:
Աղբյուրը՝ Doctors.am