«Իմ որդու արյունն ինձ կանչում է». Հերոս Քյարամ Սլոյանի հայրը մեկնեց առաջնագիծ
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, որոշել է մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները եւ վրեժ լուծելու որդուն դաժանաբար սպանելու համար:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Քյալաշ Սլոյանը, ով արդեն իսկ Արցախ մեկնելու ճանապարհին էր:
«Իմ որդու արյունը դեռ այնտեղ է ու ինձ կանչում է: Ես դեռ վրեժ ունեմ առնելու մեր թշնամիներից, հայրենիքն ունի իմ կարիքը, և ես գնում եմ իմ հերոս որդու կիսատ թողած գործը շարունակելու»,- ասաց Քյալաշ Սլոյանը:
Նա հայտնեց նաեւ, որ ինքը մենակ չէ, մի քանի հոգով են մեկնում առաջնագիծ.
«Բոլորն էլ տեղյակ են իմ մտադրության մասին և մի բան են ասել՝ անփորձանք»,- ասաց պարոն Սլոյանը:
Հիշեցնենք, Քյարամ Սլոյանն այն զինծառայողն էր, որին սպանելուց հետո ադրբեջանցիները նաև գլխատել էին, գլուխը գյուղերում պտտել, հպարտացել իրենց արածով: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրեցին, եւ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին:
Վարուժան Հովհաննիսյան
Աղբյուրը` http://galatv.am/hy/news/148133/