Առաջին ծիծեռնակները
Առաջադրվել է 3 հոգի
2015թ-ի մարտի 15-ին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր, Տավուշի մարզերում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Ընդհանուր առմամբ, 27 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի, 8-ում՝ ավագանու անդամների ընտրություններ: Կոտայքի մարզում համայնքի ղեկավար են ընտրելու Բջնի, Գետարգել եւ Աղավնաձոր գյուղական համայնքներում:
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել փետրվարի 8-ից մինչեւ փետրվարի 13-ը: Ինչպես մեզ տեղեկացրին համար 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, առաջադրման առաջին օրը 3 թեկնածու է առաջադրվել: Այսպես, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Աղավնաձորի համայնքի ղեկավար, Հանրապետական Մխիթար Դանիելյանը: Նրա թեկնածությունը առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Բջնիի համայնքի ղեկավարի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են երկու թեկնածու՝ ինքնառաջադրվել է անկուսակացական Սուրեն Հարությունյանը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջադրել է իր կուսակցին, գործող գյուղապետ Արմեն Մաթեւոսյանի թեկնածությունը:
Համար 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրին, որ ոչ մի թեկնածու դեռ չի առաջադրվել Գետարգելի համայնքի ղեկավարի ընտրություններում: