Ազգային պատկերասրահի ներկայիս շենքը որևէ չափանիշի չի համապատասխանում, նոր շենք է պետք. Փարավոն Միրզոյան

Վերջին շրջանում պարբերաբար բարձրացվում է Ազգային պատկերասրահը հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու հարցը: Արդյոք կա նման անհրաժեշտություն իրականում և տեղափոխվելու դեպքում ինչպիսի շենք պետք է տրամադրվի հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի հետ, ով 13 տարի՝ 2002-2015թթ.-ին, ղեկավարել է պատկերասրահը:
Նա այն համոզմունքը հայտնեց, շենքը չի համապատասխանում Ազգային պատկերասրահի չափանիշներին՝ ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ էլ սրահները:

 

-Պարոն Միրզոյան, Դուք երկար տարիներ ղեկավարել եք Ազգային պատկերասրահը, ըստ Ձեզ, կա՞ անհրաժեշտություն Ազգային պատկերասրահը հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու:
-Ես այս հարցը դեռ շատ վաղուց եմ բարձրացրել՝ խոսել եմ այդ մասին թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ղեկավարության առջև: Երբ նշանակվեցի տնօրեն, տեսա, որ շենքը հարմար չէ ցուցադրություններ կազմակերպելու համար, սրահների պատուհանները մեծ են, լուսավորությունը ճիշտ չէ, բացի այդ շենքի ջերմային համակարգը, խոնավությունը, չեն համապատասխան անհրաժեշտ չափանիշներին: Ազգային պատկերասրահներն առաջին հերթին պետք է ունենան համապատասխան մուտք, սրահներ:
Այդ հարկերը խանգարում են մեկը մյուսին: Չես կարողանում համապատասխան կազմակերպել էքսպոզիցիաները: Շենքը չի համապատասխանում պատկերասրահի շենքի որևէ չափանիշի:
Եվ հետո, հենց շենքը պետք է լինի թանգարանային, որովհետև ամեն մի ճարտարապետական կառույց, պետք է արտաքինից հուշի՝ ինչ նպատակի է ծառայում: Ազգային պատկերասրահը պետք է ունենա դարպասներ, արտաքինից տարբերվող մուտք, որոշակի բակային տարածք, ներսում անգամ հանգստի վայր հյուրերի համար:
-Խոսքը միայն Ազգային պատկերասրահի՞ մասին է, թե Ձեր կարծիքով Պատմության թանգարանի համար շենքը ևս չի համապատասխանում:
-Նախ կարծում եմ, որ չի կարելի, որ Պատմության թանգարանը, Գրականության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Ֆիլհարմոնիան, մի քառակուսու մեջ գտնվեն, քանի որ մեկը մյուսին խանգարում են հարկերի՝ մեկը մյուսի միջով անցնելու պատճառով: Դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին իր շենքն ունենա ու մուտքն ունենա, կայանատեղին:
Եթե այդ շենքում գործի այս թանգարաններից որևէ մեկը և ամեն ինչ հարմարեցվի դրան՝ սրահները, բակը և այլն, կարելի է հետաքրքիր մի բան դարձնել, բայց այսպես աշխատելը ճիշտ չէ:
-Հայաստանում կա՞ շենք, որը կարող է ծառայել Ազգային պատկերասրահին, համապատասխանում է Ձեր կողմից նշված չափանիշներին:
-Կարծում եմ, որ ոչ, նման շենք չկա: Մեզ անհրաժեշտ է Ազգային ժողովի շենքի նման մի կառույց, որը կունենա դարպասներ, բակ, և շենքը արտաքինից կտարբերվի: Մի հատ նայե՛ք ռուսական թանգարանների շենքերին, նաև Բելառուսում վերջերս շատ գեղեցիկ շենք կառուցվեց Ազգային պատկերասրահի համար: Մենք էլ  պետք է նորը կառուցենք ու ճարտարապետների առաջ դնենք համապատասխան հանձնարարություն:
-Վերջին շրջանում հաճախակի խոսվում է Ազգային պատկերասրահի գործող շենքի քանդման, կամ հարկերի նվազեցման մասին, ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:
-Ընդհանրապես մեր քաղաքում կային ու կան կառույցներ, որոնք չէր կարելի ու չի կարելի քանդել, վերակառուցել կարելի է: Օրինակ՝ մեր Առաջին հանրապետության խորհրդարանի շենքը չէր կարելի քանդել, որ գտնվում էր Շահումյանի արձանի դիմաց, դա մեր քաղաքի պատմությունն էր, Երիտասարդական պալատի տեղը ևս այսօր դատարկ է, այնինչ դարձել էր սիմվոլիկա, հիմա հին օդանավակայանի շենքի հարցն է քննարկվում: Սրանք պատմական նշանակություն ունեն ու պետք է վերաբերել հարգանքով:

 

 

 

Աղբյուրը՝ tert.am