Հայաստանի ողջ տարածքում մեկ շաբաթում արձանագրվել է գրիպի 2300-2400 դեպք

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում արձանագրվել է գրիպի 2300-2400 դեպք: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Այս տարի Հայաստանում գրանցվել է «խոզի գրիպի» ընդամենը 4 դեպք, որոնցից երեքը, համապատասխան բուժում ստանալով, բարեհաջող ապաքինվել են, իսկ չորրորդն այսօր է հայտնաբերվել: Հայաստանում շնչառական վարակների վերահսկողությունը թույլ է տալիս ասելու, որ ահազանգելու, ահաբեկվելու հիմքեր չկան: Անցած տարիների համեմատ` առանձնապես փոփոխություն չկա: Առ այսօր հանրապետությունում արձանագրվել են գրիպի տարբեր ենթատեսակներ, այդ թվում` «խոզի գրիպ», գրիպի B տեսակ և այլն», — «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Լիանա Թորոսյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետն անդրադարձ կատարեց նաև Իրանում բռնկված H1N1 վիրուսի, առավել հայտնի որպես «խոզի գրիպի», ծավալներին ու հնարավոր ազդեցությունից խուսափելու եղանակներին: «Գրիպի վտանգը կայանում է նրանում, որ այն առիթ է դառնում մարդու օրգանիզմում այլ հիվանդությունների գլուխ բարձրացնելու համար: Նման օրինակ մենք ունենք, երբ գրիպի A տեսակը դարձել է սրտի հիվանդություն ունեցող մարդու մահվան պատճառ: Նշեմ, նաև, որ հոկտեմբերից գրիպի սեզոնը սկսվել է և խոցելի խմբերի շրջանում պատվաստումներ կատարվել են` կամավոր սկզբունքով», — ասաց Լիանա Թորոսյանը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ցանկացած տեսակի գրիպի դեմ պայքարը հիմնականում նույնն է, և կոչ արեց բնակչությանը պահպանել անձնական հիգիենան, հետևել ձեռքերի մաքրությանը, օդափոխել սենյակները, իսկ հիվանդանալու դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել: Լիանա Թորոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հակաբիոտիկներ պետք չէ անհարկի օգտագործել. հակաբիոտիկները կարող են հիվանդի վիճակը բարդացնել: Իսկ հիվանդի հետ մեկ սենյակում հայտնվելիս, նրանից պետք է հեռու մնալ գոնե երկու մետր հեռավորությամբ:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  http://armenpress.am