ԵՏՄ-ն քննարկում է միասնական բորսային տարածք ստեղծելու նախագիծը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կքննարկի ԵՏՄ անդամ երկրների համար միասնական բորսային տարածք ստեղծելու նախագիծը։ Նախագիծը նախատեսում է տեխնոլոգիական հանգույցի շուրջ հաշվարկա-դեպոզիտային խումբ ստեղծել, որի դերում կարող է հանդես գալ ռուսական Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նախագիծը հիմնված է հետազոտության վրա, որի հեղինակներն առաջարկում են միասնական հաշվարկա-դեպոզիտային խումբ ստեղծել, որն իրենից կներկայացնի միմյանց հետ կապված կենտրոնական դեպոզիտարիաների ցանց։

«Փաստաթուղթն իրոք պլանավորվում է օգտագործել աշխատանքում։ 2016թ. ԵՏՀ-ն «ճանապարհային քարտեզ» կնախապատրաստի միասնական բորսային տարածքի ձեւավորման համար եւ կսկսի դրա իրականացումը»,- ասել են ԵՏՀ-ից։

Սակայն դեռեւս որոշված չէ, թե ինչպես է իրագործվելու ազգային դեպոզիտարիաների միջեւ կապը։ Քննարկվում է 2 տարբերակ՝ կամ թղթակցային հաշիվների կամ նոր՝ կենտրոնական  համակարգ ստեղծելու միջոցով, որի դերում կարող է հանդես գալ վերազգային դեպոզիտարիան։