Գրիպի հարուցած բարդացումից 11-րդ մահն է արձանագրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Մինչ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը ազդարարում է H1N1 վիրուսի նահանջի մասին, հիվանդանոցում արձանագրվել է հերթական մահը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրիպի հարուցած բարդություններից մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը:

Մեր այս տեղեկությունը հաստատելով` հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը նշեց, որ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ եւ ընդունվել է հիվանդանոց հունվարի 11-ին:

Նշենք, որ սա գրիպի հարուցած բարդացումներից մահվան 11-րդ դեպքն է Հայաստանում:

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված վերջին հաղորդագրությունը կանխարգելիչ միջոցառումների մասին է:Թեեւ բժշկական կենտրոններում հիվանդների ծանրաբեռնվածության պատճառով տեղ չկա, նախարարությունը վստահեցնում է, որ գրիպի համաճարակ չկա:

Առողջապահության նախարարությունից դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ առայժմ չի հաջողվել։

Աղբյուրը`  news.am