Երևանում Շանթի Յուրայի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողը, ով հիվանդանոցում մահացել է, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական, ձգաբանական և այլն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին: Պարզվել է, որ մահացածը եղել է «Չելչիլ» տիպի ողորկափող հրացանով, դիմակավորված և ձեռնոցներով և մտնելով տուն՝ 31-ամյա Մարինե Մելոյանից սպառնալիքներով պահանջել է թանկարժեք զարդեր ու գումար:

Ըստ տեղեկությունների՝ նա նշված տուն է մտել, երբ տեսել է, որ տան դուռը բաց է: Նրա արձակած կրակոցից վնասվածք է ստացել նաև նշված տան դայակ, Երևանի բնակիչ, 46-ամյա Արմինե Առաքելյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Բավականին օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ էին գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները: Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա էին տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ գործողություններ էին ձեռնարկել՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել էր տանտիրուհին, երբ տականքը կրակոց էր արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը փրկել էր տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը վնասվածք էր ստացել, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը, երբ կրակոցներ էր արձակել տան տերերի ուղղությամբ, տերերից մեկը ինքնապաշտպանվելով, ըստ տեղեկությունների, դանակով հարվածել էր նրան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել էր, որ ավազակային հարձակում կատարող և հիվանդանոցում մահացած անձը Երևան քաղաքի Վշտունի 3-րդ նրբանցք 10 տան բնակիչ, 39-ամյա Գևորգ Սերյոժայի Սարգսյանն էր, իսկ վիրավորը 31-ամյա Մարինե Սերյոժայի Մելոյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

dfa79a353a7952f37a11f235d94ae146 3a5aca08e56d5f7bb6c75c4aa9ea7b18 6ab6e48c958407e05aaf90da6deb723b 63dcfdec0ab1650405d5d9691fd8bc6c 89a3ec9a0ca2f5f429985c18f6ea366a 17352833d5592331fa22790f38a9b86a ba8ccab7f11b5835b88612764bc4d4dd

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`   http://shamshyan.com