Կառավարությունը 49 միլիոն դրամ հատկացրեց ՏՏ համաշխարհային համաժողովը ՀՀ-ում անցկացնելու երաշխիքային վճարի համար

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստին որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 49 միլիոն դրամ տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Գումարն անհրաժեշտ է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն իր ականացնելու նպատակով: Կառավարությունում որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը հայտնեց, որ 2015-2019թթ. 5 տրանշով նախատեսվում է իրականացնել երաշխիքային վճարներ 750 հազար ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2.9 միլիոն դոլար, ծախսերը նախատեսվում է փոխհատուցել մասնակիցների կողմից մասնակցության վճարների հաշվին: Ակնկալվում է, որ կմասնակցեն 2-2.5 հազար ընկերություններ»,- հայտնեց Սերգեյ Ավետիսյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևոր նշանակության համաժողովը դրական արդյունքներ կապահովի Հայաստանի համար:

 

Աղբյուրը`  http://norlur.am/