Իրանը ՀՀ-ն միշտ էլ դիտարկել է որպես այլընտրանքային տրանզիտ երկիր, հայ-իրանական գործընթացներն ակտիվացել են. փոխնախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը միշտ էլ ՀՀ-ի տարածքը դիտարկել է որպես այլընտրանքային տրանսպորտային հնարավորություն և սանկցիաների ձերբազատվելուց հետո այդ գործընթացները, բնականաբար, ակտիվացել են: Կոնկրետ գործնական քայլերի առումով, ըստ փոխնախարարի, երկու ուղղություն կա՝ մեկը տրանսպորտային փոխադրումներ իրականացնելը, որը Հյուսիս-հարավ ճանապարհի իրագործման ծրագիրն է, իսկ մյուսը՝ երկաթուղային ճանապարհ ունենալու հնարավորությունը, որը թեև նախնական հաշվարկով խիստ թանկարժեք ծրագիր է, սակայն Արթուր Առաքելյանի պնդմամբ՝ ջանք չի խնայվի այն իրականացնելու համար:  

 

-Իրանի սանկցիաների վերացումից հետո իրանական կողմից նաև պաշտոնական հայտարարություններ եղան, որ Հայաստանը կարող է տրանզիտային երկիր դառնալ: Այս ուղղությամբ թե մեր, թե իրանական կողմից ի՞նչ գործնական քայլեր են արվում:
-Հավանաբար գիտեք, որ շուրջ 10 օր առաջ տեղի ունեցավ տրանսպորտի նախարարի այցը Իրան: Այո՛, Իրանը միշտ էլ ՀՀ-ի տարածքը դիտարկել է՝ անկախ նրանից սանկցիաները ուժի մեջ են եղել, թե ոչ, որպես այլընտրանքային տրանսպորտային հնարավորություն: Մեր իրանական գործընկերները երբեք չեն թաքցրել այդ հանգամանքը և նշված գործընթացները, բնականաբար, կակտիվանան:
-Իսկ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե ծրագրի իրականացման համար որքան գումար կպահանջվի և արդյո՞ք ներդրումներ կան արդեն, թե՝ ոչ:
-Ըստ էության երկու տարր կա, մեկը Հյուսիս-հարավ ծրագիրն է՝ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու: Մեր իրանական գործընկերները կարևորելով այս ուղղությունը նաև իրենց տարածքում՝ շարժվում են դեպի մեր ենթակառուցվածքը, սահմանը: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ խնդրին՝ երկաթուղուն, ապա դրանք խիստ նախնական թվեր են, որովհետև նախագծի նախահաշվարկային փաստաթղթերի վրա է սովորաբար խիստ ճշգրիտ թվեր չեն հրապարակվում, իսկ այդ ուսումնասիրությունը 3-ից 3,5 մլրդ դոլար արժողություն ունի, այսինքն՝ չնայած այն բանին, որ խիստ թանկարժեք ծրագիր է, պետք է ջանք չխնայենք, որպեսզի իրագործվի:
-Իսկ ի՞նչ ջանք է գործադրվում այդ ուղղությամբ, կա՞ն որոշակի հեռանկարներ: 
-Իհարկե կան, խոսեցինք սանկցիաների մասին, դա արդեն իսկ դրական երևույթ է, այսինքն՝ Իրանը դիտարկում է, որ սանկցիաների բացակայության պարագայում իրենք կունենան մի քանի անգամ ավելի ապրանքաշրջանառություն և, բնականաբար, արտահանմանը միտված այդ հոսքերն իրենք էլ պետք է հաշվարկեն, որովհետև Իրանն այլևս պետք է ակտիվ լինի արտաքին շուկայում, քանի որ սահմանափակումները վերացել են:
-Այսինքն՝ ֆինանսական առումով բեռը հիմնականում Իրանի վրա է ընկած:  
-Ավտոմոբիլային ճանապարհը կառուցում ենք ներդրումային բանկերի հետ համատեղ, և այս տարի կմեկնարկեն ինչպես հյուսիսային հատվածից, այնպես էլ հարավային հատվածից շինարարական աշխատանքներ։ Թալինից դեպի Գյումրի մենք երկու պայմանագիր ենք նախատեսում, մեկը՝ կնքվել է, մյուսը շուտով կկնքվի և 2016թ-ին աշխատանքները սկսվեն, իսկ մյուսը կսկսի արդեն Իրանի սահմանից դեպի Քաջարան՝ 22 կմ: Շարունակում  ենք, որպեսզի հարավային և հյուսիսային հատվածների համար ևս պայմանագրեր կնքվեն:
-Նույնիսկ արտաքին պարտքն ավելացնելո՞ւ հաշվին:
-Կան ծրագրեր, որոնք չպետք է անհանգստացնեն արտաքին պարտքի մեծության առումով, որովհետև սա եզակի ծրագիր է, որն ակտիվացնում է տնտեսությունը, որովհետև շուրջ 60-70 տոկոս միջոցները, որ ծախսվում են այդ ծրագրի վրա, մնում են ՀՀ-ում և նաև հիմնականում հայկական ծագման հումքեր են, այսինքն՝ առաջին հերթին այս վարկն ակտիվացնում է նաև մեր տնտեսությունը, և հետո սա եզակի ծրագիր է, որը Հայաստանը կդարձնի լուրջ տարանցիկ երկիր, և երբ շահագործվի ամբողջ մայրուղին՝ այն թույլ կտա 4 ժամում հատել հարավային սահմանից հյուսիսային սահմանը, և ևս 3-4 ժամում հասնել մինչև սևծովյան նավահանգիստ:
-Իսկ վրացական կողմի հետ այս հարցով եթե չասենք բանակցություններ, ապա գոնե քննարկումներ եղե՞լ են, մանավանդ, որ գազատարի հարցում էլ վրացական կողմից որոշ հայտարարություններ եղել են՝ իրանական գազը Հայաստանով ստանալու համար:
-Գազատարի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև դա որևէ կերպ չի առնչվում Տրանսպորտի նախարարությանը, իսկ ինչ վերաբերում է տրանսպորտի խնդիրներին, կարծում եմ, որ մեր վրաց գործընկների համար սա ևս շահավետ է, քանի որ խոսքը գնում է իրենց ենթակառուցվածքը ևս աշխատեցնելու և տրանզիտի հնարավորությունները կիսելու մասին:
 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/03/arthur-araqelyan/1920444