Պահեստազորի մայորը կալանավորվեց․ նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Հայաստանի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության կասկածանքով ձերբակալված պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը կալանավորվել է։
Մարությանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ pետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության: Այս հոդվածը սահմանում է պատիժ՝ տասից տասնհինգ տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով Մարությանը կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն»։
Աղբյուր` http://news.am/