Վարունգի օգտակար հատկությունները
Քչերը գիտեն վարունգի օգտակարության մասին: Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը: Վարունգն իր մեջ պարունակում է ազոտային եւ ոչ ազոտային միացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ եւ ավելի քան 97 տոկոս ջուր: Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով եւ հարուստ` ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն: Ցածր կալորիականության շնորհիվ՝ վարունգը կարելի է օգտագործել բեռնաթափման օրերին: Վարունգը կանխում է օրգանիզմի թթվայնությունը, բարձրացնում է մաշկի տոնուսը, կարգավորում է արյան pH-ի մակարդակը, արյան ճնշումը, հյուսվածքների նորմալ աշխատանքը, ամռան ընթացքում կարգավորում է մարմնի ջերմաստիճանը: Վարունգը միզամուղ միջոց է. կանխում է երիկամային քարերի առաջացումը: Այս բանջարեղենը հակազդում է միզաթթվին և կանխում է բորբոքային պրոցեսները հոդերում, ասթման և աղիների խնդիրները: Վարունգի թարմ պտուղները կարելի է օգտագործել որպես արտաքին միջոց՝ մաշկի բորբոքային երեւույթների ցանի ու այլ նման խնդիրների դեպքում: Վարունգի թարմ հյութը եւ կանաչ կեղեւի սառը ջրային թուրմը 1:1 հարաբերությամբ կարելի է օգտագործել, որպես դեմքի կորյակներից, բծերից ազատվելու միջոց: Եթե Դուք ունեք ստամոքսի և թոքերի խնդիրներ, ապա սննդակարգում ներառեք վարունգ, վարունգն ապահովում է մկանների ճկունությունը, իսկ նրա մեջ պարունակվող մագնեզիումը կարգավորում է արյան շրջանառությունը և հանգստացնում է նյարդերը: