«Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանն անդրադարձել է վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկո 1-ին պապի ունեցած ելույթին,
որի ժամանակ Պապն ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:
Թուրքական իշխանական լրատվամիջոցներին («Sabah», «Yeni akit», «Anadolu») վկայակոչող Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահական նստավայրում «Թուրքիայի արտահանողների խորհրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վերոնշյալի կապակցությամբ ասել է. «Ես պետք է ասեմ, որ շատ վշտացած եմ պապի խոսքերից: Երբ նա Անկարա էր եկել, ես, ի դեմս նրա, բոլորովին այլ քաղաքական գործչի էի տեսնում: Տեսեք` չեմ ասում կրոնական գործիչ, ասում եմ` քաղաքական գործիչ: Ինչևէ, մենք թույլ չենք տա, որ պատմական իրադարձություններն աղավաղվեն և վերածվեն մեր դեմ ուղղված քարոզարշավի: Ճիշտ է, հայերի կրած նեղությունների մասին գիտենք և ցավում ենք: Բայց օսմանցիների զավակներն էլ են սպանվել, նահատակվել»:
Այնուհետև Էրդողանը կրկին հնչեցրել է արխիվները բացելու և հարցը պատմաբանների քննարկամնը թողնելու պաշտոնական Անկարայի կոչերը` շեշտելով. «Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանն էլ թող այդպես անի, բայց չի անում: Ես դատապարտում եմ Պապի այդ հայտարարությունը»: