Հայաստանի պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար. Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանի պետական պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ ՀՀ դրամ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանջնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Դրանից կառավարության պարտավորություններն են 4 միլիարդ 602 միլիոն դոլարը կամ 2 տրիլիոն 226 միլիարդ դրամը: Ընդհանուր պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 317 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներքինը՝ 761 միլիոն դոլար»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: «Արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող են համարվում այն երկրները, որոնք ունեն ՀՆԱ-ում արտաքին պարտքի չափը չի հասել 48 տոկոսի, իսկ Հայաստանի մոտ այդ ցուցանիշը 34 տոկոս է»,- պարզաբանեց փոխնախարարը:
Այդուհանդերձ նա հայտարարեց, որ սա ամենեւին չի նշանակում, որ իրենք չեն գնահատում պետական պարտքի ռիսկերը եւ դրանց հետ կապված զարգացումները:
Այս նիստի օրակարգում ներառված են
1. «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն, ծախսեր, պակասուրդ),
2. «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն,
3. «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացություն, 4 ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների կատարման հաշվետվություն:
Նշենք, որ բյուջեի կատարողականի քննակմանը մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որոնք ամեն կերպ խուսափեցին լրագրողների հարցերից: Գագիկ Խաչատրյանը նույնիսկ ԱԺ շենքից դուրս չեկավ այնքան ժամանակ, մինչեւ լրագրողները չհեռացան իր ավտոմեքենայի մոտից:
Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/86049