Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին և համայն հայությունը նշում են Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան տոնի մասին զրուցել ենք հոգևորականի, ազգագրագետի, խոհարարի հետ: Սուրբ ծննդյան խորհուրդը «Ավետարաններում մանրամասն պատմվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Մարիամը ծննդաբերեց աղքատիկ մի վայրում, այլ ոչ ճոխությունների մեջ: Աստված հենց նրան ընտրեց, որպեսզի բնակվի նրա մեջ: Նա հղիացավ Սուրբ հոգուց»,- hraparak.am-ի հետ զրույցում պատմում է Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը: «Սուրբ ծննդյան տոնին յուրաքանչյուրիս մեջ կրկին ծնվում է Քրիստոս»,-նշում է Տեր Հովակիմը: Ըստ հոգևորականի` հունվարի 5-ին` երեկոյան 17:30-ին, Հայ Առաքելական եկեղեցում սկսվում է Ճրագալույցի նախատոնական պատարագը, իսկ հունվարի 6-ին արդեն բուն տոնն է` Քրիստոսի ծնունդը: Պատարագը տեղի է ունենում ժամերգությունից հետո: Երեկոյան Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները գնում են պատարագի, որից հետո օրհնված ճրագը տանում են տուն: Մեր եկեղեցին 5 տաղավար տոն ունի: Այդ տոներից երկուսը վերաբերում են Քրիստոսին, և այդ երկու տոների նախօրեին միշտ Ճրագալույցի պատարագ է տրվում: Ժողովուրդը Քրիստոսի լույսը ճրագների միջոցով բերում է իր տուն: Հունվարի 6-ին տեղի է ունենում Ջրօրհնեքի արարողությունը. ջուրը մեռոնով օրհնվում է, խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, իջեցվում է ջրի մեջ, ապա օրհնված ջուրը բաժանում ժողովրդին: Այս արարողակարգը կատարվում է հունվարի 6-ին, քանի որ Հիսուս Քրիստոսը մկրտվել է իր ծննդյան օրը: «Քրիստոսը ծնվեց հունվարի 6-ին և 30 տարի հետո նույն օրը մկրտվեց: Երբ Քրիստոս գնում է Հորդանան գետ, Հովհաննես Մկրտիչն ասում է նրան. «Ես քեզանից պիտի մկրտվեմ»: Քրիստոսը պատասխանում է. «Կատարենք այնպես, ինչպես Աստված է կամենում»: Երբ ընկղմվում է ջրի մեջ, Աստված երկնքից ձայնում է . «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ բոլոր հաճությունները»: Երբ Քրիստոսը ջրից դուրս է գալիս, Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է նրա վրա»,-պատմում է Տեր Հովակիմը: Հունվարի 7-ին մատուցվում է Մեռելոց պատարագ, որից հետո կատարվում է Հոգեհանգստի արարողակարգ: Տեր Հովակիմը խորհուրդ է տալիս գերեզմանատուն գնալ տաղավար տոնի հաջորդ օրը` հունվարի 7-ին: «Ժողովրդի մեջ վատ սովորություն է ամրապնդված. տաղավար տոներին գերեզմանատուն են գնում` դեռ տոնը չնշած, տարբերակում են հին ու նոր մահացածներին: Այդպիսի տարբերակում Հայ Առաքելական եկեղեցին չունի: Մենք եկեղեցում պետք է տոնը նշենք, ապա տոնի ավետիսը վերցնենք ու տանենք հանգուցյալներին»: «Քրիստոս մեր փրկիչն է: Նա եկավ և մեր փոխարեն կրեց մեր մեղքերը, խաչվեց և հարություն առավ: Նա իր կյանքով ցույց տվեց, որ քրիստոնյաներն այս ճանապարհով պիտի ապրեն, որպեսզի արժանանան երկնավոր թագավորության: Ուստի Քրիստոսի ծնունդը մեծ ուրախություն է յուրաքանչյուրիս համար: Սուրբ Ծննդյան տոնին բոլորիս մեջ Քրիստոս վերստին ծնվում է»,-նշում է Տեր Հովակիմը: Սուրբ ծննդյան ծիսական ուտեստները` ըստ Սեդրակ Մամուլյանի Որոշ տոներ առանձնանում են իրենց հատուկ ծիսական ուտեստներով: Այս մասին hraparak.am-ի հետ զրուցել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Սուրբ ծննդյան տոնին պատրաստվող ծիսական ուտեստներն են զատկական չամիչով ու չրով փլավը, ձուկը, տապակած կանաչին»,-նշում է Սեդրակ Մամուլյանը: Նա խորհուրդ է տալիս պատրաստել խմորեղեն, մասնավորապես` կուլիչ: «Տապակելու համար, ելնելով եղանակային պայմաններից, այս շրջանում հասանելի են ավելուկը, սպանախը, բազուկի ճավը` տապակած ձվով կամ սոխով»,- նշում է Սեդրակ Մամուլյանը: Սուրբ ծննդյան տոնը` ազգագրագետի մեկնաբանությամբ «Քրիստոսի հետ կապված տաղավար տոներին պատրաստվող ուտեստները կապված են Քրիստոսի և նրա հետ կապված հրաշագործությունների հետ` թե’ ձուկը, թե’ փլավը, թե’ գինին: Կլինի հաճարով փլավ, թե բրնձով, այն քաղցրացվում է չամիչով, չրեղենով: Չամիչը խորհրդանշում է քրիստոնյաներին, իսկ փլավը` մնացած ժողովրդին»,-ասում է ազգագրագետ Խորեն Գրիգորյանը: Ըստ ազգագրագետի` մինչև խորհրդային միության տարիները հայերն Ամանորն այս շրջանում չէին նշում: Ամանորը նշվում էր Նավասարդի շրջանում, կամ` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հունվարի 1-5-ը պահքի շրջանն էր, քանի որ Սուրբ ծննդյան տոներն էին մոտենում: Ավելի մեծ շուքով նշվում էր Սուրբ ծննդյան տոնը, քան Ամանորը: Խորհրդային տարիներին սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ամանորին, և ստվերի տակ մնաց Սուրբ ծնունդը: Ըստ ազգագրագետի` Սուրբ Հարության ու Սուրբ Ծնունդի տոներին ժողովուրդը, եկեղեցու վարդապետությունից անկախ, իր մեկնաբանությունն է տվել: Քանի որ Մեծ պահքի շրջանը նաև անվանում ենք Զատիկ, ժողովուրդն իր համար Փոքր պահք է հորինել և Սուրբ ծննդյան պահքի հատվածն անվանել Զատիկ: Զատիկն ավելի շատ պահքային ընկալումն է, քան Սուրբ Ծննդյան տոնի ընկալումը: Սա ժողովրդական մեկնաբանություն է և կապ չունի բուն կրոնի հետ: Սուրբ ծննդյան տոնին միմյանց ավետիս տանք. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» և պատասխանենք. «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
Նյութի աղբյուրը ` hraparak.am