Ավարտվել է վիրավոր ոստիկանի վիրահատությունը, նրա կյանքին վտանգ չի սպառնում. հոսպիտալի պետ
«Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ավարտվել է վիրավոր ոստիկանի վիրահատությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա տեղեկացրեց, որ վիրավոր ոստիկանի վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:
Արամ Ասատուրյանը նշեց, որ նա ստացել էր որովայնի առաջնային պատի վնասվածք։ Ըստ հոսպիտալի պետի՝ այլ վիրավորների մասին տեղեկություն չունի, հոսպիտալ է տեղափոխվել միայն մեկ ոստիկան:
Նշենք, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։
Զինված գործողությունների հետևանքով ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության՝ մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
Աղբյուրը` tert.am