«Հայկական ժամանակ». «Զինվորի բաժինի» հետքերով. Լեհաստանի դեսպանատունն արդեն որոշակի տվյալներ ունի

«Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հետ կապված Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը որոշակի տվյալներ արդեն ունի և առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարության կամ գլխավոր դատախազության լրատվական վարչությունների միջոցով կտարածի տվյալները:

 

Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:

 

«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել առաջին պահից: Տեղեկատվությունը ստանալու պահից սկսած զբաղվում ենք, հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է և առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք՝ հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունը»,-պարզաբանեց դեսպանը:

 

Երբ խնդրեցինք ասել, թե արդյոք իրականում բանակին պատկանող ապրանքները հայտնվե՞լ են Լեհաստանում, Ղազարյանը պատասխանեց. «Գործընթաց է տեղի ունենում այդ առումով: Մենք դիմել էինք Լեհաստանի դատախազություն, սպասում ենք պատասխանին»:

 

Դեսպանը ասաց նաև, որ ինքը որոշ տեղեկություններ ձեռք բերել է դրա հետ կապված, բայց հիմա չի շտապում որևէ բան ասել, որպեսզի համակարգված և համատեղ լինի ոչ շատ հեռու ապագայում տարածվելիք տեղեկատվությունը»,-գրում է թերթը:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/24/hz/2059463