Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ

Կառավարության վարչական շենքի դիմաց ավանդաբար ամեն հինգշաբթի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ: Այժմ նա ժամանած շտապօգնության մեքենայի մեջ է, որտեղ չափում են նրա զարկերակային ճնշումը, փորձում առաջին բժշկական օգնություն ցույց տալ:

Կինը Կապանի բնակիչ Էմմա Հարությունյանն է, ով Սյունիքից հասել էր Երևան` կառավարության շենքի դիմաց՝ պահանջով, որ իրավապահներն իրեն տեղեկություններ հայտնեն որդու՝ Արա Խաչատրյանը վերաբերյալ, ով հինգ տարի առաջ անհետացել է և համարվում է անհետ կորած։

«Իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկում… իսկ նրանք, ովքեր կասկածվում էին որդուս անհետացման մեջ, ազատ են արձակվել»,- նախքան ինքնազգացողության վատացումը պատմեց կինը:

Նշենք, որ Արա Խաչատրյանն անհետացել է 2011թ. հունիսի 3-ին։ Ինչպես տեղեկացանք համացանցային որոնումներից՝  նրա անհետ կորելու գործով նախաքննության ընթացքում փոխվել են 6 քննիչներ, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել, Արա Խաչատրյանը չի հայտնաբերվել, իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/23/emma/2058481