Խմիչքի կիսադատարկ շշեր. Երեւան-Սեւան ճանապարհին վթարի հետեւանքով ոստիկանության ծառայողը տեղում մահացել է
Հայաստանի ԱԻՆ-իցNEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 06.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 57-կմ-ին տեղի է ունեցել ավտովթար «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, իսկ ուղեւորն արգելափակվել է ներսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սեւան հատվածի 57-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի 34 AQ 842 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Արթուր Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևորի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը եղել է ոստիկանի համազգեստով: Պարզվել է, որ նա 24-ամյա Նարեկ Ա.-ն է, ով աշխատում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդում (կարմիր բերետավոր):
Նշվել է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են գարեջրի բացած, կիսադատարկ շշեր:
Ավտոմեքենայի մեջ եղել է 4 մարդ` 2 տղա, 2 աղջիկ: Մեքենայում եղած 24-ամյա Արթուր Թ.-ն, որի վրա կային արյան հետքեր, հրաժարվել է բժշկական օգնությունից եւ հայտնում էր, որ ավտոմեքենան ինքը շահագործում է որպես տաքսի, սակայն ինքը չի վարել: