Դեսպան Միլսն այցելել է մանկատուն՝ ծանոթանալու երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին
Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելել է Վանաձորի մանկատուն՝ ծանոթանալու երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:
ԱՄՆ դեսպանատնիցNEWS.am-ին հայտնում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսի ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքներին վերաբերող հարցերը եւ այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լուռու մարզ կատարած իր այցի շրջանակում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, դեսպանն այցելեց նաեւ Վանաձորի մանկատուն:
Դեսպանը ծանոթացել է մանկատան պայմաններին, զրուցել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ զրուցել է մանկատան անձնակազմի ու սաների հետ՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Քննության են առնվել մանկատների բեռնաթափման եւ երեխաներին ընտանիք վերադարձնելու հեռանկարները:
«Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերեւս, լավագույն վայրը չեն: Բացի այդ, դա թանկ տարբերակ է պետության համար եւ նաեւ կոռուպցիոն դրսեւորումների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա եւ ոչ խնամքի որակի հիման վրա»,-ասել է Միլսը:
Կյանքի դժվարին պայմաներում հայտնված երեխաների վերաբերյալ ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագրի շրջանակում 2015թ. հոկտեմբերին Հայաստանը ընտրվել էր որպես առաջնային մասնակից, ինչը թույլ է տալիս հետեւողականորեն աջակցել երեխաների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին: ՀՀ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժըն, Սեյվ դե չիլդրեն, Հույսի կամուրջ կազմակերպությունների հետ միասին աշխատում է ռիսկային խմբերի երեխաների խնամքի բարելավման հարցերի շուրջ:
Նպատակներից մեկը, որի ուղղությամբ համագործակցում են ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունները խնամատար հաստատությունների բեռնաթափումն է: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանում մոտ 4.500 երեխա կա երկրի 41 խնամատար հաստատություններում՝ մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, հատուկ կրթական հաստատություններ: Այս հաստատություններում տեղավորված երեխաների 97 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում երեխաների ծնողներից առնվազն մեկը ողջ է:
«Այլընտրանքային ծառայությունների բացակայության պատճառով երեխաների պաշտպանության ներկայիս համակարգը նպաստում է, որպեսզի հաշմանդամություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների ծնողները եւ սոցիալապես անապահով ընտանիքները ձգտեն երեխաներին ուղարկել խնամատար հաստատություններ՝ ժամանակավոր կամ մշտական խնամքի համար: Այս երեխաները, ինչպես եւ ցանկացած այլ երեխա, իրավունք ունի հասակ առնել ընտանիքում կամ ազգականների: Որտեղ հնարավոր է, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը պաշտպանելու այս երեխաների իրավունքները եւ այդ կերպ օժանդակելով, որ պահպանվի ընտանիքը », — ասաց դեսպան Միլսը:
Վանաձորի մանկատուն կատարած այցից զատ դեսպանը Լոռու մարզում հանդիպում ունեցավ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված հարցերով: Դեսպան Միլսը նաեւ հանդիպում ունեցավ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկի հետ, ով աշխատում է ռիսկային խմբերի երիտասարդներին ու տարեցներին սոցիալական ու կրթական ծառայություններ մատուցող «Օրրան» կենտրոնում: Այստեղ դեսպանը հարցազրույց տվեց «Օրրան» կենտրոնի ծրագրի շրջանակում լրագրողական գործ ուսանող երիտասարդներին:
«Խաղաղության կորպուսի մեր կամավորներից շատերն աշխատում են «Օրրանի» նման կենտրոններում՝ օգնելով մշակել ծրագրեր, որոնք կօգնեն համայնքների ու կենսակերպի բարելավմանը, — ասաց դեսպան Միլսը, — Խաղաղության կորպուսի այս կամավորները մարմնավորում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շունչն ու ոգին՝ ապահովելով, որ համայնքում բոլորը ստանան կրթություն, սեր ու օժանդակություն, որ անհրաժեշտ է հասարակության ակտիվ ու պահանջատեր անդամ դառնալու համար»: