«4+4+4»-ի ստորագրած փաստաթուղթը ջենտլմենական համաձայնություն է` հետագա առևտրի համար. Վիգեն Հակոբյան

Անկախ նրանից, թե ինչ է ստորագրել ընդդիմությունը` «4+4+4»-ի ԸՕ-ում վերահսկողության մեխանզիմների հայտարարության շրջանակներում, այն ընդամենը ջենթլմենական համաձայնություն է, ինչի մասին ժամանակին խոսում էին դաշնակցականները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Իրականում մի բան է օրենքը, որ միշտ էլ շատ վատը չի եղել, բայց սա այն ջենթլմենական համաձայնագիրն է, որը հող է ստեղծում հետագայում առևտուր անելու համար»,– ասաց նա ի պատասխան հարցի, թե իշխանության հետ փաստաթուղթ ստորագրելով` ընդդիմությունն իրեն հետագայում, երբ լինեն ընտրակեղծիքներ, չի՞ զրկելու արդյոք ձայնի իրավունքից, քանի որ նրանց կհակադարձեն` դուք եք ստորագրել:

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ստորագրվեց Ընտրական օրենսգրքում առանցքային մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտարարություն, մասնավորապես, ընտրական մեխանիզմների վերահսկողության, ինչը երկուստեք համարվեց պատմական պահ, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` ընդդիմության պատմական հաղթանակ, որը ձեռք բերվեց քաղհասարակության ու միջազգային կառույցների աջակցությամբ։

Պատասխանելով վերջին հարցին` քաղտեխնոլոգը համաձայնեց, որ ընդդիմությունն այս փաստաթղթի ստորագրմամբ ինչ-որ չափով սահմանափակում է ընդդիմադիր ուժերի` հետագայում մանևրելու հնարավորությունը, բայց ավելացրեց, որ եթե այդ առևտուրը հանկարծ չստացվի, կողմերից յուրաքանչյուրն ազատ է լինելու իր ասածն ասելու համար:

«Խնդիրն այն է, որ եթե ընդդիմությունը հետագայում հայտարարի, որ ընտրական կեղծիքներ կան, իսկ ես վստահ եմ, որ կան, եթե ասեն, որ այ, ստորագրել եք, հիմա խոսում են, «որ ստորագրել եք` լռեք», ասելու են, որ մենք փորձել ենք փակել օրենքով սահմանափակել ընտրակեղծիքների հնարավորությունը»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իրեն ապահովագրել էր` ասելով, որ պատրանք չունի:

 

աղբյուրը`tert.am