Բնապահպանության նախկին նախարար, ջրպետկոմի նախագահ Արամ Հարությունյանի անունը` պանամական օֆշորային ցուցակո՞ւմ. ե՞րբ է հրաժարական տալու
Ինչպես արդեն գրել ենք, Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների բազան: Ցուցակում, բացի գեներալ-մայոր Միհրան Պողոսյանից, ընդգրկված են Հայաստանի ևս 36 քաղաքացիներ:
Եվ ահա, այդ ցուցակում հայտնվել է նաև Բնապահպանության նախկին նախարար, ջրպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը (մականունը` Բուլկի Արամ): Ճիշտ է, նա արդեն երկար տարիներ է` անընդմեջ «յուղոտ» պաշտոններ է զբաղեցնում, ահռելի հարստության տեր է, բայց դա դեռ չի նշանակում, թե ցուցակում հենց իր տվյալներն են: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին խորհուրդ է տալիս Արամ Հարությունյանի հարցում չշտապել, քանի որ մեկ-երկու օրից պարզ կդառնա` նա՞ է օֆշորային ցուցակում ընդգրկված Արամ Հարությունյանը, թե` մեկ ուրիշը: Վահրամն իրավունք ունի «կասկածելու», քանի որ Արամն իր կուսակիցն է:
Երևի Վահրամ Բաղդասարյանը մի բան գիտի, որ կասկածում է, թե չէ` անմիջապես կհերքեր, թե Արամ Հարությունյանը «մաքուր» է:
ՀՀ Քննչական կոմիտեում մի աղմկոտ գործ է քննվում: Այսինքն դեռ աղմկոտ չէ, քանի որ չի հայտարարվել, թե այսինչ գործարարը այսինչ թվին ի՞նչ անհավանական միլիոնների կաշառք է տվել մի նախարարի: Գործը կարծես թե «սառեցնում» են… որովհետև չլսված բան է, որ նման մեծ գումար որպես կաշառք տրվի: Այս գործում էլ ինչ-որ մի «անկյունում» շոշափվում է մեր նյութի հերոսի անունը: Եթե այս տողերի համար ինքը բողոքի, ապա այնպիսի տվյալներ ջրի երես կհանենք, որ մեր հերոսը զարմանա: Բայց դեռ ժամանակը չէ…
Ինչևէ: Բնապահպանության նախկին նախարարը գեներալ Միհրան Պողոսյանի նման «հայրենասիրաբար» կարող է հանուն հայրենիքի հրաժարական տալ ջրպետկոմի «յուղոտ» պաշտոնից, եթե չկարողանա «պլստալ»: Եթե «պլստաց», ուրեմն մաքուր է: Չբռնված գողը` գող չէ:
Աղբյուրը` http://nyut.am/?p=116162&l=am
Հ.Գ. Մեր այս նյութի հրապարակումից հետո Ջրային տնտեսության պետկոմի նախագահ Ա. Հարությունյանը երեկ երեկոյան հայտարարեց. «Ներկայացված ցանկում, իսկապես, կա Արամ Արոությունիան անունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ Արամ Արոությունիանը ես չեմ: Եթե անգամ այդ ցուցակում Հայաստանի որևէ քաղաքացի կա՝ Արամ Հարությունյան անունով, ապա նրա հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Ցուցակում ընդգրկված անձերի ինքնությունը, ինչպես նաև իմ` այս հայտարարության իսկությունը շատ հեշտ է ճշտել: Խնդրում եմ իմ անունը զերծ պահել անհիմն հայտարարություններից և հերյուրանքներից»: