Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո` իր տեղը զիջելով կայուն և հզոր անտիցիկլոնին. Գագիկ Սուրենյան
Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆոնտանում՝ 53սմ»,-ասաց նա:
Ըստ Սուրենյանի՝ ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո, որից հետո այն կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով կայուն և հզոր անտիցիկլոնին: Երեկոյան ժամերից տեղումներն ամենուրեք կդադարեն և առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակ:
«Պայմանավորված եղանակի պարզեցմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ ցերեկները, պայմանավորված արեգակնային գործոնով, այն կբարձրանա 3-5 աստիճանով: Մայրաքաղաքում առաջիկա օրերին գիշերը սպասվում է -4…-6 աստիճան, ցերեկը +3…+5 աստիճան»,- ասաց նա:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/08/gagik-surenyan/1924732