Հայաստանի պատանի ծրագրավորողները մրցել են իրենց ստեղծած խաղերով. հաղթել են 7-ը
Արդեն երկրորդ անգամ անցկացվող դպրոցականների «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն ամփոփել է արդյունքները: Առաջին մրցույթի համեմատ՝ այս անգամ առաջադրանքներն ավելի բարդ են եղել, իսկ եզրափակչում մրցել են միայն 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից: Ինչպես տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթել են Սամվել Պապյանը (Angry Birds խաղով) և Սերգեյ Վարդանյանը (Brain focus and speed tester): Իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Գևորգ Հովհաննիսյանն՝ իր «Դպրոց» խաղով:
«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Մելինե Ներսիսյանի «Դաշնամուր», իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյանի «Animal lab» խաղերը: «Animal lab»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն դիզայն» անվանակարգում: «Լավագույն մտահաղացման» հեղինակ է ճանաչվել Վազգեն Հովհաննիսյանը՝ իր Balloons խաղով:
«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացել են տարբեր անակնկալ մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:
«ԴիջիԿոդի» շրջանակներում հայ դպոցականներն աշխատել են «Scratch» (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնել են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կայք:
Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ «Աղվես»-ը «Scratch» ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են նաև ռոբոտներ ծրագրավորելիս:
Մրցույթը զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման ունակությունները: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի, այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր են ստեղծում: Մրցույթը բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:
«ԴիջիԿոդ» մրցույթին ներկա է եղել նաև Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի (WITSA) կրթության, դասընթացների և մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ դոկտոր Բորիս Կոմրակովը: WITSA-ն առաջատար կոնսորցիում է, որի անդամ են հանդիսանում ՏՀՏ ոլորտի միության անդամների ավելի քան 80 երկրներ: Այն նաև հանդիսանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպիչը: Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ձեռք է բերել 2019թ-ին Տեղեկատվական տեխնոլոգի աների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման իրավունքը :
«ԴիջիԿոդն» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Աղբյուրը` http://orer.am/?p=169294&l=am