Դաբաղը կարող է փոխանցվել մարդուն. պետք է հիվանդ կենդանու միսն ու կաթը ջերմային մշակման ենթարկել. անասնաբույժ
Կենդանիներին հատուկ դաբաղ հիվանդությունը կարող է չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիների հետ շփումից փոխանցվել մարդկանց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անասնաբույժ Արթուր Թոսունյանը: Անասնաբույժի խոսքով, վարակված մարդկանց մոտ նկատվում է գլխացավ, տենդ, թուլություն եւ փորլուծություն, այն տեւում է 1-2 շաբաթ:
«Դաբաղով հիվանդ կենդանու մսեղիքը, մսամթերքը եւ կաթը միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո է թույլատրվում օգտագործել, քանի որ այդ վարակը մարդկանց է փոխանցվում մսամթերքի ու կաթի օգտագործումից, այն փոխանցվում է նաեւ լոզերով, երբ մարդը շփվում է հիվանդ կենդանու հետ»,-ասաց Արթուր Թոսունյանը:
Նշենք, որ ըստ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր եւ մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի եւ մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:
Դեկտեմբերին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաեւ ԵԱՏՄ գործընկերներին:
Ծառայության փոխանցմամբ, նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնում է, որ «Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան՝ բացատրելով դա դաբաղի համաճարակային իրավիճակով ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներխուժելու բարձր հավանականությամբ:
Աղբյուրը`news.am