Առաջիկա գիշերը գործող ցիկլոնի ուժը կկրկնապատկվի, ձյան տեղումներ կլինեն մինչև հունվարի 26-ը. օդերևութաբան

tert.am-ը գրում է.
Այս գիշեր հանրապետության ողջ տարածքում տեղացել է առատ ձյուն: Առանձին հատվածներում, ինչպես օրինակ Քաջարանում, թափվել է ամսական նորմայի չափ տեղումներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Վերջինս նշեց, որ ներկա պահին շրջանների զգալի մասում ձյունը շարունակում է տեղալ: «Առաջիկա գիշերը գործող ցիկլոնի ուժը կկրկնապատկվի, երկրի ողջ տարածքում կտեղա առատ ձյուն, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Ձյունը կշարունակվի մինչև հունվարի 26-ի կեսօր, որից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն»,- շեշտեց Գագիկ Սուրենյանը:

Վերջինս ասաց, որ առավել ինտենսիվ ձյան տեղումներ կլինեն մասնավորապես՝ Գյումրի-Ամասիա , Սևան-Մարտունի, Ապարան, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանց-Սարավան, Ջերմուկ հատվածներում և հարակից բնակավայրերում:

«Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ին կնվազի 12-15 աստիճանով, ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը, երբ մայրաքաղաքում կանխատեսվում է մինչև -16 աստիճան ցուրտ»,- ընդգծեց նա: Սուրենյանը վերջում հորդորեց վարորդներին նշված շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

 

Աղբյուրը`orer.am