Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին կգա Երևան
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը։
Ազնավուրը խոսել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը։ Լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրից հարցրել է, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում:
Ազնավուրը պատասխանել է. «Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»:
Չնայած նման կարծիքին՝ երգիչը նաև ասել է, որ ոչ մի դեպքում չի ատում թուրքերին: Նա նաև կոչ է արել ճանաչել այլ ցեղասպանություններն ու դատապարտել դրանք, ինչպես նաև դադարեցնել բոլոր տեսակի ցեղասպանությունները, որոնք տեղի են ունենում քրդերի հանդեպ, կամ աֆրիկյան մի շարք երկրներում: