Վրաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից, Ադրբեջանն ի զորու չէ լրացնել այդ պակասը. Ալիկ Էրոյանց

Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ռուսական Գազպրոմ ընկերության և Վրաստանի էներգետիկայի նախարարության միջև ընթացող բանակցություններին, գրել է.

«Ռուսական Գազպրոմ ընկերության և Վրաստանի էներգետիկայի նախարարության միջև ընթացող բանակցությունների թեման շարունակում է լարված պահել Վրաստանի ներքաղաքական դաշտը: Արդեն մի քանի ամիս ընթացող գործընթացը չի հանգում ավարտին՝ դառնալով այդ երկրի հասարակական-քաղաքական շրջանակների վրդովմունքի հիմնական պատճառներից մեկը: Թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում կառավարության գործելաոճը, մասնավորապես էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի գործունեությունը՝ մեղադրելով նրան նշված բանակցությունների բովանդակությունը հասարակությունից փակ պահելու մեջ: Վերջինիս մեկնաբանմամբ, սակայն, նախարարությունը գործում է թափանցիկ:

Վրացական՝ ընդդիմադիր հայացքներով հայտնի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Կալաձեն ներկայացրել է որոշ մանրամասներ, որոնց համաձայն, Գազպրոմի ղեկավարությունը վրացական կողմին խիստ պահանջ է ներկայացրել առ այն, որ Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող բնական գազի դիմաց ռուսական ընկերությունը այսուհետ վճարելու է ոչ թե գազատարով անցնող գազի ծավալի 10 տոկոսը՝ հումքի տեսքով, ինչպես առ այսօր է, այլ հաստատված վճարով: Այդ պայմանին, սակայն, Թբիլիսին չի համաձայնվել, ինչն էլ երկարացնում է բանակցությունների ընթացքը:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Կալաձեն նախկինում այլ մեկնաբանություններ էր տվել՝ պնդելով, որ իրենք փորձում են պայմանավորվել կոմերցիոն սպառման նպատակով ռուսական գազի հավելյալ ծավալներ ստանալու հարցի շուրջ:

Ռուսների առաջարկը չընդունելու դեպքում Գազպրոմը սպառնում է դադարեցնել Վրաստանի միջով գազամատակարարումը Հայաստանին, և փոխարենը իրանական գազով լուծել այդ խնդիրը:
Վերոնշյալից ենթադրվում է, որ Վրաստանը կկորցնի ոչ միայն տրանզիտային գումարներ, այլ նաև գազի այն ծավալը, որն այսօր ստանում է Ռուսաստանից, և ադրբեջանական գազով այդ պակասն առնվազն մի քանի տարի հնարավոր չի լինի լրացնել: Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի, ինչպես նաև ադրբեջանական նավթագազային Սոկար ընկերության ղեկավարության այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Ադրբեջանն ունակ է ամբողջությամբ ապահովել Վրաստանի գազի պահանջարկը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ սեզոնային գազամատակարարման պայմաններում, երբ առանձնապես ձմռան ամիսներին Վրաստանում ավելանում են գազի սպառման ծավալները, Վրաստանին Ադրբեջանից մատակարարվող խողովակի թողունակությունը չի բավականացնում, և խնդիրը կարող է լուծվել միայն խողովակաշարի փոխարինմամբ կամ Վրաստանի տարածքում գազի պահման հսկայական ռեզերվուարների կառուցման դեպքում, իսկ դրա համար կպահանջվեն միլիոնավոր դոլարի ներդրումներ:

Կալաձեի խոսքով՝ իրենց գերատեսչությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի էներգետիկ ոլորտում չլինի մենաշնորհ, հաստատվի հավասար մրցակցություն, ինչն, իր հերթին, թույլ կտա՝ սպառվող գազի գինը ոչ միայն չբարձրանա, այլ՝ հակառակը՝ նվազի:

Ի դեպ, ընդամենը երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է հերթական հանդիպումը՝ Կալաձեի և Գազպրոմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն, բայց կարելի է ենթադրել, որ այդուհանդերձ Թբիլիսին գնալու է զիջման, ինչի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կամ կնվազի տրանզիտային 10 տոկոսի չափը կամ կհաստատվի կոնկրետ վճար: Երկրորդ տարբերակի դեպքում ռուսական գազը ձեռք բերելու համար վրացական կողմը պարտադրված է լինելու վճարել բնականաբար այն սակագինը, որը կսահմանի Գազպրոմը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`tert.am