Գեղարքունիքի մարզում ուժեղ քամուց քշված տան բնակիչներին երկու շաբաթ անց դեռ օգնություն չի տրամադրվել
Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում հունվարի 4-ին ուժեղ քամու հետեւանքով տուժած տան տանիքը վերանորոգելու համար բնակիչներին մինչեւ այսօր փոխհատուցում չի տրվել։ NEWS.am-ի հետ զրույցում Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը նշեց, որ տան բնակիչները ստիպված իրենց ուժերով ինչ-որ չափով կարողացել են վերանորոգել քամու հետեւանքով ամբողջությամբ քշված տանիքը։ Գվիդոն Ավետիսյանի խոսքով, դեպքի մասին գյուղապետարանը դեռ Գեղարքունիքի մարզպետարանին չի տեղեկացրել՝ սպասելով, որ ՏԿԱԻՆ-ը կտեղեկացնի, սակայն, դեպքի մասին 2 շաբաթ անց Գեղարքունիքի մարզպետարան չի տեղեկացվել։
«ԱԻՆ-ը եկավ, արձանագրեց, սպասում էինք, որ տեղեկացներ մարզպետարան, բայց դեռ նորություն չկա։ Տուժած տան բնակիչներն իրենց ուժով մի քիչ կարողացել են վերանորոգել տանիքը, գարնանը երեւի նոր ամբողջությամբ կկարողանան վերանորոգել»,-ասաց գյուղապետը:
Աղբյուրը` tert.am