Հռոմի պապի այցն առաջին քրիստոնյա երկիր ցնցեց ողջ աշխարհին, բացի Կիրիլից

Այն, որ Հռոմի պապի այցն առաջին քրիստոնյա երկիր, ռուսական լրատվամիջոցները պատշաճ չեն լուսաբանելու, պարզ էր ի սկզբանե, քանի որ այն լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու համար ռուսական որևէ լրատվամիջոց չէր դիմել:

Սակայն զարմանալի էր, որ այցը չնկատելու տվեց նաև Ռուս ուղղափառ եկեղեցին: Պատճառներն անշուշտ կարող են քաղաքական լինել, բայց հարց է ծագում, թե ինչպես է պատահում, որ ընդամենը Հռոմի պապի ձեռքը սեղմելու համար 20 տարի պատրաստվելուց հետո Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կարող է Ռուսաստանից Կուբա հասնել, բայց Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում իրենց գոյության մասին հիշեցնելու հնարավորությունը, չգիտես ինչու, ձեռքից բաց թողնել, կամ չնկատելու տալ:

Որքանո՞վ է հոգևոր առաջնորդի կերպարին հարիր նման վարքագծի դրսևորումը, անշուշտ, կմեկնաբանեն ոլորտի փորձագետները, սակայն նկատենք, որ աշխարհը ցնցած այդ պատմական այցը՝ քրիստոնյա առաջին երկիր Հայաստան չնկատելու տալը, սպասում է բազմակողմանի մեկնաբանության:

Մի փոքր հետ գնալով հիշենք, որ 2016-ը սկսվեց Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների անցած կյանքը խեղաթյուրելով, որը քաղաքական վերլուծաբանների կողմից որակվեց որպես «անհայտ պատվիրատուին» մատուցված արջի ծառայություն: Անշուշտ, հետագայում հարցազրույցի այդ հատվածը մոնտաժվեց, որը ուշացած քայլ էր թե՛ հարցազրույցը կազմակերպողների, թե՛ Ուղղափառ եկեղեցու և պատրիարքի PR-ով զբաղվողների համար, որ դրան անդրադառնալը զավեշտալի կլիներ:

Այնուամենայնիվ, արձանագրենք, որ Համայն Ռուսիո պատրիարքի այդ կոպիտ սխալը իրականում չէր կարող վրպում կամ պատմության չիմացություն լինել: Այն քաղաքական պատվեր էր, որն իրացվեց:

Պատրիարք Կիրիլի՝ դրան հաջորդած հանդիպումը Հռոմի պապի հետ քաղաքական մեկնաբանները կրկին պատմական համարեցին՝ հիշեցնելով, որ վերջին 1000 տարիների ընթացքում կաթոլիկ և ուղղափառ համայնքների առաջնորդների հակամարտությունից հետո նրանք առաջին անգամ հանդիպեցին: Հիշեցնենք մեկ ուշագրավ փաստ նույնպես՝ այդ պատմական հանդիպումը տեղի ունեցավ երկուսի համար էլ օտար հողում և ոտքի վրա:

Ի դեպ, մամուլում նշվեց, որ երկու եկեղեցիների առաջնորդների հանդիպմանը կողմերը պատրաստվել էին ավելի քան 20 տարի, և փետրվարի 12-ը պատմական առումով դարձավ բեկումնային երկու եկեղեցիների համար:

Չնայած այն որոշ առումով օգնեց, որ տարիների ընթացքում նրանց միջև գոյացած ու կարծրացած սառույցը որոշ չափով հալվի, սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Համայն Ռուսիո պատրիարքը շարունակում է կայսերապաշտական մոտեցումներ ցուցաբերել և բոլորովին էլ հակված չէ պատմական փաստերը հաշվի առնել ու դրան առնչվող իրադարձությունները գրկաբաց ընդունել:

Սովորական մահկանացուներիս համար դժվար է հասկանալ, թե ամեն օր իրենց հետևորդներին հանդուրժողականություն ու մեծահոգություն քարոզող հոգևոր առաջնորդն ինչու հենց այդպիսին չէ: Ո՞վ գիտի, գուցե այս անգամ էլ նա ինչ-որ մեկի պատվերը կատարելու համար որոշել է «մեծահոգաբար» լռել:

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=212150&l=am