Թուրք զինվորներն ընտանիքի անհնազանդ տղամարդկանց շղթայել են ծառերից, ապա գլխատել
Աննա (Օվսաննա) Միքայելյանի պատմությունը
1908 թ., Խարբերդ
Արևիկ Զադոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ տատի պատմությունը: Թուրք և քուրդ զինվորները նրա ընտանիքի անհնազանդ տղամարդկանց շղթայել են ծառերից, ապա կանանց և երեխաների աչքի առջև յաթաղանով գլխատել:
«Խարբերդ: 1915 թվական: ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը դեսպան Մորգենթաունին գրում է. «Թուրքերը հատուկ ծրագրով բնաջինջ են անում հայերին որպես ցեղ, մարդկային ուղեղն ի զորու է գործել ավելի ահավոր ու սատանայական ծրագիր…»: Պարզվեց՝ սատանայից փրկվեց աստծո ժողովուրդը:
Մեծ տատիկս` Աննա Հարությունի Միքայելյանը, նախկինում` Օվսաննա Հարությունի Տեր-Միքայելյան, ծնվել է Հին Խարբերդում, ինչպես հաճախ անվանում էր՝ Գավառի Աթենքում: Իրենց մեծահարուստ ընտանիքի պապը մեծարգո եկեղեցական էր, որը կապ ուներ «Աստվածաբանական ճեմարանի» հետ: Հայրը Խարբերդի անվանի մարդկանցից էր, որ համայնքի բնակիչներին ոսկին փոքր կճուճով կամ թասով էր տալիս: Ինչ իմանար պոքրիկ Օվսաննան, որ մի որ էլ մի քսակ ոսկին իր համար կլիներ գլխագին:
Թուրք և քուրդ զինվորները տատիկիս ընտանիքի անհնազանդ տղամարդկանց շղթայում են ծառերից, ապա կանանց և երեխաների աչքի առջև յաթաղանով գլխատում:
Թուրք փաշան հրամայում է չսպանել ազնվացեղ գեղեցկուհուն` տատիկիս մորը, որ վերցնի կնության: Ճանապարհին սայլին կապված մայրը, իր ձեռագործի մկրատով, կտրում է կապերը և իր գրկի զույգ երեխաների հետ նետվում Եփրատը:
Նույն փաշայի հրամանով գտնում են ողջ մնացած աղջկան` Օվսաննային, և բերում իր մոտ: 4-5 տարեկան փոքրիկ Օվսաննային խնամում են փաշայի 5 կանայք: Ավագ կինը խանդից դրդված մի քսակ ոսկի է տալիս ռուս զինվորին, որ կորցնի աղջկան:
Նորից արյունոտ ճանապարհ, սով և կտտանքներ: Տեսնելով կողքին մորթվող հայերին՝ ուշաթափվում է Օվսաննան և ընկնում գետնին, իր վրա են ընկնում յաթաղանի զոհերը, մեռելների տակ աղերսելով փրկություն՝ Օվսաննան ողջ է մնում…