Անգեղակոթի 25-ամյա բնակիչը երկու շաբաթ անց դեռ չի գտնվել. նրան փնտրում են նաեւ գյուղացիները
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանը երկու շաբաթ անց դեռ չի գնտվել: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով, անհետ կորած 25-ամյա երիտասարդին ոստիկանության հետ զուգահեռ փնտրում են նաեւ գյուղացիները:
«Արդեն մենք էլ ենք միացել, ոստիկանության հետ փնտրում ենք: Շարունակելու ենք փնտրել, մինչեւ գտնենք»,-ասաց գյուղապետ:
Նշենք, որ Վրեժ Օհանյանը հունվարի 14-ից որոնվում է որպես անհետ կորած:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԱՆգեղակոթի գյուղապետը հայտնել էր, որ 25-ամյա երիտասարդը վերջերս է նշանադրվել, նրա հարսնացուն նույնպես տեղեկություն չունի նրա գտնվելու մասին: Գյուղապետի խոսքով՝ անհետ կորածի ընտանիքի հետ զրույցից պարզ է դարձել, որ տնից դուրս գալու օրը Վրեժը բարձր տրամադրություն է ունեցել, եւ, առհասարակ, էական խնդիրներ չի ունեցել: Նշենք, որ Վրեժ Օհանյանը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, աշխատում է որպես զոդող, եւ ամիսներ առաջ էր վերադարձել Հայաստան:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատև բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատև բացակայել բնակավայրից։
Նկատի ունենալով, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա դարձել է հանցագործության զոհ՝ 2016թ. հունվարի 25-ին Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Լուրեր Հայաստանից — NEWS.am