Հարատեւ երջանկություն բոլոր կանանց. Կոտայքի մարզպետ

Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

«Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Կանանց տոնի կապակցությամբ եւ ցանկանում, որ գարնան սկիզբն ազդարարող այս խորհրդանշական օրվա ողջ տոնականությունը մշտապես ուղեկցի Ձեզ` նոր ու դրական լիցքեր հաղորդելով յուրաքանչյուրիդ առօրյային:

Մարտի 8-ի նշանակալի խորհուրդն ու կարեւորությունը մեկտեղած` պետք է դարձյալ ընդգծենք կնոջ բացառիկ նկարագիրն ու առանցքային մասնակցությունը ինչպես ընտանիքի ամրության, այնպես էլ հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում հաստատուն հաջողություններ գրանցելու ասպարեզներում:
Հերթական անգամ պետք է բարձր գնահատենք հատկապես հայ կնոջ ինքնատիպ ներաշխարհից բխող բոլոր դրական հատկանիշներն ու ընդգծենք, որ մեր ժողովրդի պատմության էջերում հայ կինն ունի իր առանցքային ու հերոսական ներկայությունը:
Խորին հարգանքի ու մեծարանքի այս խոսքերին զուգահեռ` բոլոր կանանց մաղթում եմ հարատեւ երջանկություն եւ ամենայն բարիք»: