«Արթուր Բաղդասարյանը Հ3-ի աշխատակիցների աշխատավարձերը չի վճարում» հոդվածը Ն. Փաշինյանի հերթական ճղճիմ քայլն է. հայտարարություն

«Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերը չի վճարում» վերնագրով հոդվածը Նիկոլ Փաշինյանի հերթական ճղճիմ քայլն է։

Այս մասին ասվում է Հ3 Հեռուստաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Այսօր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հ3 հեռուստաընկերությունը արդեն 3 ամիս է չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը:

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հնարավոր է նախկինում աշխատավարձի մեկամսյա  ուշացում տեղի ունեցած լինի , որը պայմանավորված է հանգամանքով, որ Հ3 հեռուստաընկերությունը առանձին կառույց է , որի նկատմամբ այլ գործընկերներ ունեն ֆինանսական պարտավորություններ և որոնց ուշացումների  պատճառով տեղի է ունեցել աշխատավարձի մեկամսյա ուշացում:

Հայտնում ենք, որ հեռուստաընկերության նկատմամբ մեր գործընկերների ֆինանսական դեռևս չկատարված պարտավորությունները այս պահի դրությամբ  կազմում են շուրջ 20 միլիոն դրամ: Հեռուստաընկերությունը չի  մեղադրում գործընկերներին, պարզապես հասկանում է, որ երկրում առկա ֆինանսա-տնտեսական ծանր իրավիճակում նրանք նույնպես դժվարանում են ժամանակային կատարել իրենց պարտավորությունները, ինչին հեռուստաընկերությունը ըմբռնումով է մոտենում:

Մյուս կողմից, հաշվի  առնելով փաստը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին և նկատի ունենալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած քաղաքական ընդհարման նստվածքները, ապա ցավով ենք արձանագրում, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հերթական ճղճիմ քայլն էր, այս անգամ ուղղված ազատ հեռուստաընկերության դեմ՝ հեռուստաընկերություն, որի եթերը անխտիր բաց է բոլոր ընդդիմադիր ուժերի առջև, հեռուստաընկերություն, որը նույն Նիկոլ Փաշինյանին հարյուրավոր րոպեների եթեր է ապահովել, հեռուստաընկերություն, որի եթերից  բազմիցս նույն Նիկոլ Փաշինյանը գովազդել է սեփական «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ուրախ ենք, որ իրեն միակ ընդդիմադիր հռչակած անձի, ընդդիմադիր հռչակված օրաթերթը մեր իրականության մեջ ֆինանսական խնդիրներ չունի, ինչը նույնպես մտորելու առիթ է տալիս, սակայն դատապարտում ենք  սեփական քաղաքական խառնակչություններում լրատվամիջոցներին ներքաշելու արատավոր պրակտիկան, առավել ևս , որ դա արվում է լրատվամիջոցի կողմից և համարում ենք առնվազն ոչ պրոֆեսիոնալ այն հանգամանքը, որ հեռուստաընկերություն զանգահարելուց հետո նշված լրատվամիջոցի հետ հետադարձ կապ հնարավոր չի եղել ապահովել՝ չնայած բազմաթիվ փորձերին»:

Աղբյուրը` http://mts.am/individual-customers/tariffs-and-discounts-for-calls/viva/prepaid