ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը կընթանա հատուկ ռեժիմով. ի՞նչ հարցեր են ընդգրկված

Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստի օրակարգը. ԱԺ նստաշրջանը կընթանա հատռուկ ռեժիմով:

Ըստ այդմ, այսօր՝ հունիսի 27-ին, տեղի կունենա միայն երեք նիստ՝ երկու ընդմիջումներով: Իսկ վաղվանից խորհրդարանի աշխատանքները կմեկնարկեն ժամը 11-ին եւ տեղի կունենան 4-ական նիստեր՝ 30-ական րոպե ընդմիջումներով:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում կքննարկվեն Ընտրական օրենսգրքում փոփոխությունները առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Ընդ որում, երկրորդ ընթերցմամբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կքննարկվեն 24-ժամյա ռեժիմում:

Բացի այդ, արտահերթ նստաշրջանի օրակարգում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միավորված Հակաօդային պշատպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:

Քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ երկու հարցն էլ չեն բխում Հայաստանի շահերից, իսկ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի հասնելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: