Հռոմի Պապի օդանավն արդեն ուղղություն է վերցրել դեպի Հայաստան. Առցանց կարելի է հետեւել ընթացքին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն արդեն Հայաստանի ճանապարհին է. նրա օդանավն արդեն օդ է բարձրացել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է պոնտիֆիկին ուղեկցողներից մեկը՝ Էդվարդ Պենտինը, որը նաեւ տեսանյութ է տեղադրել: Հռոմի Սրբազան Քահանայապետի օդանավի ընթացքին հնարավոր է հետեւել առցանց:

Նշենք, որ Ֆրանցիսկոս պապի օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 15:00­ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am