Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով հետախուզվում են Երեւանի 26-ամյա եւ 23-ամյա բնակիչները

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ 26-ամյա Նիկողոսյանի եւ 23-ամյա Արտաշես Չիչոյանի նկատամմաբ:

Նրանք հետախուզվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերի մեղադրանքով:

Ովքեր որեւէ տեղեկություն ունեն Արարատ Նիկողոսյանի եւ Արտաշես Չիչոյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով: Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝  բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա  կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ  վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող  ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին: