Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար, իսկ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 մարդ

«Ժողովուրդ» օրաթերթի 2016 թվականի մայիսի 28-ի հրապարակման համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար, իսկ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 մարդ: Հրապարակված տվյալների հետ միաժամանակ արվել է ոչ մասնագիտական եզրահանգում, համաձայն որի՝ ընտրողների թիվը ողջ բնակչության թվից ավելի քան երեք հազարով ավել է:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Օրաթերթում հրապարակված տվյալները 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հրազդան քաղաքում մշտական բնակչության թվաքանակն է, որը չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կազմվել են ընտրողների ցուցակները, որոնցում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները: ՀՀ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ԱԳՆ-ի միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձինհաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

 

Աղբյուրը`- See more at: http://www.police.am/news/view/%D5%BA%D6%80280505.html#.dpufo