ՄԻՊ-ը դիմել է Արդարադատության նախարարին` դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրով

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները. տեղեկացնում է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Դատապարտյալը հայտնել է նաև, որ անհրաժեշտ բուժօգնության չտրամադրման պատճառով հրաժարվել է սննդի ընդունումից: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան դիմում է հասցեագրել նաև «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Հր. Գևորգյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին և տրամադրվող բժշկական օգնությանը: Դատապարտյալի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ տրվել են իրարից տարբերվող ախտորոշումներ, և մինչ օրս նշանակված չէ վերջնական ախտորոշում և դրան համապատասխան լուծում: Քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ կազմակերպել նրա պատշաճ բուժօգնությունն ու խնամքը:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կապակցությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով հրատապ քայլեր ձեռնարկել Հր. Գևորգյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու ուղղությամբ:

 

Աղբյուրը` http://operativ.am/?p=172958&l=am