Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ առաջին տիկինը մասնակցեցին սիրո տոնին նվիրված ցուցահանդեսին (լուսանկարներ)

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթի բացումը: Ուսանողների աշխատանքները նվիրված էին սիրո տոնին, թեև շատ ավելի եկեղեցական թեմաներով էին:Բացմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը նշեց, որ նման ցուցահանես բացելու առաջարկությունը Արարատյան Հայրապետական թեմինն էր:«Ուսանողներն իրենց աշխատանքներում ներկայացրել են տոնի ծիսակարգը՝ ողջ շքեղությամբ, այնպես, ինչպես դրանք պատկերացնում են ուսանողները: Մենք խոսում ենք այսօրվա լեզվով, և նոր սերունդը ներկայացնում է իր լեզվով, որը պետք է սովորենք, որպեսզի այն կամուրջը, որը վերջին տարիներին ցավոք խարխլված էր, էլի կանգնի կայուն հիմքերի վրա»,-ասաց նա:

 

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «ուստրերին ու դուստրերին» մաղթեց, որ աղոթական լինեն:«Որ արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությամբ իրենց իղձերը իրականություն դարձած տեսնեն ու հայոց երկնակամարում մի ծիլ բացի լուսավոր և իրենք կարողանան կերտել մեր երազած երկիր Հայաստանը»,-ասաց նա:

 

Ընտրվեցին հաղթողները. առաջին տեղ ստացավ Արմինե Արշակյանը՝ իր «Սիրո բարեխոս» նկարով: Նա արժանացավ նվերի նաև ՀՀ առաջին տիկնոջից՝ հայ հայտնի նկարիչների նկարներով ալբոմ:
«Ուզում եմ, որ այս վառ գույները, որ տեսա քո նկարներում, ամբողջ կյանքում քեզ ուղեկից լինեն»,-ասաց առաջին տիկինը:
Երիտասարդ նկարիչ Արմինե Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը չի մտածել, որ հենց Սուրբ Սարգսի թեմայով լինի, ուղղակի նկարել է:
«Ընտանիքում արվեստագետներ չունենք, փոքր տարիքից սիրել եմ նկարել, երեք տարի խորացված զբաղվում եմ: Երևի դառնամ հայտնի նկարիչ: Որևէ մրցանակ չեմ շահել, մասնակցել եմ ևս մեկ ցուցահանդեսի»,-ասաց նա:

 

Երկրորդ մրցանակին արժանացավ  Պողոսյան Անին՝  «Մանրանկարի իմպրովիզ» գործով: Մրցանակների արժանացան նաև Ավետիսյան Գայանեն՝ «Սուրբ Սարգիս հորինվածք» աշխատանքով և Կրճաթյան Աննան՝ «Մանրանկարի կրկնօրինակ» աշխատանքով և  Կարապետյան Հռիփսիմեն:

var_2798.thumb VAR_2791 VAR_2792 VAR_2793 VAR_2794 VAR_2795 VAR_2795 (1)