Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում.ԼՂՀ ոստիկանություն

Դիմել են սադրանքների

ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում եւ նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Հաշվի առնելով նշված հանգամանքները եւ հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում:

Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին, ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները նաեւ ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:
Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում եւս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:

ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության ծառայություն

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ, որոնց մեջ է նաեւ Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաեւ ազատամարտիկներ, այս մասին հաղորդում է «Նախախորհրդարանի» մամուլի ծառայությունը:
Նրանք պետք է դիմավորեին Երեւանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին: