Արա Ասոյանի ախտորոշումը չի հիմնավորվել. Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը հունվարի 23-ին առողջական այն վիճակում չի եղել, որը հոսպիտալացման հիմք կդառնար: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ նշելով, որ այս եզրակացությանն են հանգել՝ ծանոթանալով բժշկուհու նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

«Արա Ասոյանի ախտորոշումը չի հիմնավորվել»,- ասաց Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 23-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, երբ դատավորը որոշում էր կայացրել ձերբակալման որոշումն ապօրինի համար եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել բժշկուհուն: Մահացած ծննդկանի հարազատներն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չեն հավատում, որ Շուշանիկ Բախշյանն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով միջնորդել էին նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ «Նորք»-ի տնօրեն, Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ:

Ինչ վերաբերում է բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանիմիջնորդությանը՝ իմանալու համար, թե ով է տուժողի իրավահաջորդը, քանի որ ըստ ԶԼՄ հրապարակումների՝ իրավահաջորդը Մերի Մարգարյանի եղբայրն է, որը բանկերից մեկում պաշտոնատար անձ է եւ այս առումով հասկանալի չէ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ հանրային պաշտպանի ներգրավվումը, Մարինե Թովմասյանը պատասխանեց, որ ինքը 0.5 դրույքով է հանրային պաշտպան, իսկ Մերի Մարգարյանի գործով ինքը հանրային պաշտպան չէ:

«Պարոն Սիրունյանը կարող էր դիմել Փաստաբանների պալատին եւ պատժաճ կերպով տեղեկացվել, որ ես Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ եմ, սակայն 0.5 դրույքով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց չի ընտրվել: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: