Արարատի մարզի ինֆեկցիոն իրավիճակը վերահսկելի է

Արարատի մարզի հիվանդանոցներում, հունվարի 15-ի դրությամբ, սուր շնչառական հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 120 քաղաքացի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանը տեղեկացրել է, որ չնայած այս ցուցանիշին` մարզում իրավիճակը վերահսկելի է: Հունվարի 10-ի դրությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացողների թիվը եղել է 93, ամենաշատ ցուցանիշը գրանցվել է հունվարի 13-ին` 132 քաղաքացի:

Այնուհետև, աստիճանաբար թիվը կրկին նվազել է: Բաժնի պետը հունվարի առաջին օրերին բուժում ստացող մեծահասակ և մանկահասակ հիվանդների նվազ ցուցանիշը պայմանավորում է տոն օրերին քիչ դիմելիությամբ:

«Բոլոր բուժհաստատություններն ապահովված են դեղորայքով, մասնավորապես` «Տամիֆլյու»: Ստացել ենք նաեւ անհրաժեշտ բոլոր պարագաները. դիմակներ, ձեռնոցներ, ներարկիչներ, եւ այլն»,- ընդգծել է Բադալյանը` հավելելով, որ ամեն րոպե առողջապահության վարչությունը կապի մեջ է թե՛ նախարարության, թե՛ բուժհաստատությունների հետ:

«Իրավիճակը վերահսկվում է, իսկ անհրաժեշտության դեպքում ստանում ենք դեղորայքի ու բժշկական պարագաների նոր չափաբաժինը»,-ասել է նա:

Անդրադառնալով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների արձակուրդների երկարաձգմանը, Բադալյանն ասել է, որ դա չափազանց ճիշտ որոշում էր հիվանդության տարածումը կասեցնելու առումով: Մարզի բոլոր բուժհաստատությունները` ներառյալ պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները`աշխատելու են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին:

Հայկ Բադալյանը կրկին ընդգծել է, որ ինֆեկցիայից հեռու մնալու համար անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանները, հատկապես` հիվանդասենյակները, հետեւել անձնական հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ օճառով, զերծ մնալ մարդաշատ տարածքներից եւ խուսափել գրկախառնություններից, եւ որ ամենակարեւորն է` խուսափել ինքնաբուժումից:

 

 

 

Աղբյուրը` tert.am