Ո՞ր դեղերն են թանկացել և ինչո՞ւ

Ասօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին` ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ եղել են անհիմն թանկացումներ:

Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ, թե՞ ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում խոշոր դիրք զբաղեցնող առաջին հինգ ընկերությունները, որոնց թվում են «Նատալի ֆարմ»-ը և «Ալֆա ֆարմ»-ը: Այս հինգ ընկերությունների գնային քաղաքականությունն ուսումնասիրվել է սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը:

Հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներ է իրականացրել կարևոր դեղերի գծով, որոնք մտնում են առողջապահության նախարարության սահմանած հիմնական դեղերի ցուցակի մեջ: Ըստ այդմ` ուսումնասիրվել է 483 անուն դեղերի գնային քաղաքականությունը: Պարզվել է, որ «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունները մոտ երեք անուն դեղերի մասով թանկացումներ ունեն:

«Ալֆա ֆարմ»-ը թանկացրել է ցավազրկող «Դիկլոֆենակ», ֆոլիաթթու և «Անկորդ» դեղերը, որը պայմանավորված է եղել այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ, իսկ «Նատալի ֆարմ»-ը թանկացրել է սրտանոթային «Ամիոդարոն» դեղը: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ սեպտեմբերին ընկերությունն այդ դեղը վաճառել է զեղչված գնով, քանի որ ժամկետը մոտենում էր ավարտին, իրականում այդ դեղը թանկ դեղ է:

Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը շարունակական ուսումնասիրելու է դեղերի շուկայում գնային քաղաքականությունը, և այն տնտեսվարողները, որոնք չհիմնավորված կթանկացնեն իրենց ապրանքը, կենթարկվեն պատասխանատվության: Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց լինել հետևողական:

 

 

 

 

Աղբյուրը`  http://www.yerkir.am/